ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Ինտելեկտի ու հոգեկերտվածքի մրցույթ

Ինտելեկտի ու հոգեկերտվածքի մրցույթ
26.09.2014 | 12:01

«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը, որի հիմնադիրը հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանն է, այս օրերին անցկացնում է պետական բուհերի բարձր կուրսերի ուսանողների ուսման վարձերի հատկացման հայտերի մրցույթ: 160 հայտից մրցութային հանձնաժողովը կընտրի 40-50-ը: Հիմնադրամը շարունակում է 2007-ից սկսած գործընթացը: Մրցույթին հայտ ներկայացնելու հիմնական պայմանը բարձր առաջադիմությունն է՝ առաջադիմության միջին գնահատականը հինգբալանոց համակարգում պետք է 4,2-ից բարձր լինի: Հավակնորդները ներկայացնում են ռեֆերատ՝ նախապես հանձնարարված թեմայով, ելույթ են ունենում հանձնաժողովի և մյուս հավակնորդների առաջ ու պաշտպանուն են իրենց թեզերը, պատասխանում իրենց ուղղված հարցերին: Ասեմ, որ դա իսկապես հետաքրքիր ու ուսանելի փորձ է, նույնիսկ եթե հավակնորդը կրթաթոշակ կամ ուսման վարձ չի ստանում: Երբեք հնարավոր չէ կռահել՝ ինչ կհարցնեն քեզ մրցակիցներդ կամ հանձնաժողովի անդամները, քո պատասխաններից է կախված քո հաջողությունը: Ընդամենը երկու ելույթ լսելուց հետո զգացի, որ ես էլ հարցեր ունեմ, որ հարցերի ու պատասխանների մեջ գուցե մասնագիտական պատրաստվածությունը բավարար չէ, բայց կա քաղաքացիական դիրքորոշում: ՈՒ՝ սեփական տեսակետը պաշտպանելու ակնառու կամք, որի հիմքը միայն ֆինանսական չէ: Բարեբախտաբար: Մրցութային հանձնաժողովում նախկին ուսանողներ են՝ երկու ասպիրանտ, հիմնադրամի ներկայացուցիչ Հովհաննես սարկավագ Մանուկյանը, հիմնադրամի գիտավերլուծական կենտրոնի երկու փորձագետ:
«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն Վահրամ Մկրտչյանը պատմեց, որ հիմնադրամի գործունեության 7 տարիներին 450 միլիոն դրամի բարեգործական ծրագրեր են կատարվել: 120 միլիոնը հատկացվել է ուսանողների ուսման վարձերին ու կրթաթոշակներին: Մնացած գումարի նշանակալից մի հատված ուղղվել է դպրոցաշինությանը (ներդրումներ են կատարվել թիվ 16 դպրոցում, ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցում) և կրթական հաստատություններին՝ Երևանի պետական համալսարանին, տնտեսագիտական համալսարանին, պետական մանկավարժական համալսարանին, և այլն: Հիմնադրամի բյուջեն հաստատվում է ամեն տարի դեկտեմբերին՝ հոգաբարձուների խորհրդի նիստում, տարեկան մոտ 70 միլիոն դրամ: Հիմնադրամի բոլոր ծրագրերն իրականացվում են հոգաբարձուների խորհրդի նախագահ Բարսեղ Բեգլարյանի անձնական գումարներով: Հիմնադրամը հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանի նախաձեռնությամբ է ստեղծվել, և բոլոր ծրագրերը իրականացվում են նրա անձնական գումարներով: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում հասարակությանը հայտնի մարդիկ են, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ: Կատարված աշխատանքների մեջ Վահրամ Մկրտչյանն առանձնացրեց անցյալ տարի խորհրդի որոշմամբ ստեղծված գիտավերլուծական կենտրոնը, որի փորձագետները մասնագիտանում են Հայաստանի ներքին խնդիրների ու արտաքին քաղաքականության հետազոտությունների վրա: Նրանց աշխատանքների արդյունքները հրապարակվում են գիտական ամսագրերում ու կենտրոնի կայքում: Պարոն Մկրտչյանն այդ հետազոտութուններից կարևորեց հայ-չինական հարաբերություններին, թուրք-չինական ռազմավարական հարաբերությունների խորացմանը, ԵԱՏՄ-ի զարգացման հեռանկարներին ու Մերձավոր Արևելքի խնդիրներին առնչվողները: Կենտրոնի փորձագետներն ասպիրանտներ են, որ նախկինում եղել են հիմնադրամի շահառուներ: «Բարեպաշտ սերնդի» հոգածության տակ է նաև հոգևոր ու գիտական գրականության հրատարակումը՝ արդեն տպագրվել են տասնյակ գրքեր, որոնք ընտրվում են մրցույթների միջոցով: Գրքերը գիտական ուղղվածություն ունեն: Գեղարվեստական գրքեր առայժմ հրատարակչական ծրագրերում չկան: Անդրադառնալով հիմնադրամի կրթական ծրագրերին՝ Վահրամ Մկրտչյանը կարևորեց այն երիտասարդներին աջակցելը, որոնք, բացի գիտելիքից, ունեն նորարարական միտք, իրենց հասարակության լիարժեք անդամ են զգում ու ակտիվ քաղաքացիներ են: Պարոն Մկրտչյանը համոզված է, որ նրանցից շատերը հանրային կյանքի տարբեր ոլորտներում լիդեր դառնալու ներուժ ունեն, որը բացահայտելն ու ուղղորդելը հիմնադրամի առաքելություններից է: «Պետականամետ մտածողության ձևավորումն ենք մենք խրախուսում: Մեկը կարող է փայլուն ֆիզիկոս լինել կամ հիանալի պատմաբան, բայց չունենա հայրենիքի նկատմամբ պարտքի ու պատասխանատվության գիտակցություն և իր գիտելիքը ի շահ հասարակության օգտագործելու հանձնառություն: Մի ուրիշը կարող է նվազ առաջադիմություն ունենալ, բայց հասարակությանն ավելի լուրջ օգուտներ տալու մեծ ցանկություն: Մենք օգնում ենք հենց նրանց»,- հավարտ իր խոսքի ասաց «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրենը:
Մրցութային հանձնաժողովի անդամ Հովհաննես սարկավագ Մանուկյանը ևս կարծում է, որ մրցույթի նպատակը ակտիվ ու քաղաքացիական դիրքորոշում ունեցող երիտասարդներին աջակցելն է: Նա ասաց, որ ստեղծման օրից հիմնադրամի հիմնական նպատակը չի փոխվել, ուսանողներին վեցամսյա կրթաթոշակներ են տրամադրվում (ամսական 30000 դրամ), ուսման վարձ (կիսամյակի համար` միջինը 100 000 դրամ): Առավելությունը տրվում է բարձր առաջադիմություն ու նորարարական մտածողություն ունեցող, ակտիվ հասարակական գործունեություն ծավալող ուսանողներին, ովքեր կարողանում են իրենց մեջ եղած լույսը, իրենց արժեքները փոխանցել շրջապատին ու հասարակությանը: «Ի՞նչ սկզբունքներով է ընտրում մրցութային հանձնաժողովը» հարցին սարկավագը պատասխանեց. «Ընտրությունը կատարվում է երկու փուլով: Նախ տրվում է հայտարարություն, երբ ուսանողները ներկայացնում են դիմումներն ու փաստաթղթերը, ընտրությունը կատարվում է ըստ առաջադիմության և սոցիալական վիճակի: Առաջին փուլում արդեն իսկ լինում են մրցույթից դուրս մնացողներ: Երկրորդ փուլում դիմորդները պաշտպանում են առաջադրված թեմաներով գրված թեզը, որի համար մինչև հինգ րոպե ժամանակ է հատկացված: Գնահատականը տրվում է ըստ թեզի ու հարցուպատասխանի»: Մեկ անգամ մերժված ուսանողները կարող են և երկրորդ անգամ դիմել, նրանք հրավիրվում են հիմնադրամում կազմակերպվող միջոցառումներին, սեմինարներին, կլոր սեղաններին ու կոնֆերանսներին՝ գիտելիք ու փորձառություն կուտակելու նպատակով: Մրցույթից առաջ բոլոր դիմորդները մանրամասն իրազեկվում են ընթացակարգին՝ առավելագույնս հաջող հանդես գալու համար: Եթե մրցույթը անցկացվում է միայն պետական բուհերի համար, չե՞ն սահմանափակվում համանման սոցիալական վիճակ ու ձգտումներ ունեցող ուսանողների հնարավորությունները դիտարկման հետ Հովհաննես Մանուկյանը չհամաձայնեց՝ դա հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշումն է, որ կայացվել է՝ հաշվի առնելով, որ բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները սովորում են հիմնականում պետական բուհերում: Ի սկզբանե խնդիրը եղել է՝ օգնել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին, ուստի այդպես էլ որոշվել է: Մրցույթի մասնակիցներին հաղթող ճանաչելու հարցում նրանց մասնագիտությունը վճռորոշ չէ, կարևորը այդ մասնագիտությանը տիրապետելու և գիտելիքները ներկայացնելու հմտությունն է, վերլուծական ու նորարարական մտքի դրսևորումը: Մրցութային հանձնաժողովի աշխատանքներին տարեցտարի մասնակցած Հովհաննես Մանուկյանին չէի կարող չհարցնել. «Լինո՞ւմ են հետաքրքիր թեզեր ու ելույթներ, նոր խոսք հնչո՞ւմ է, թե՞ տրաֆարետային մտքերը կրկնվում են՝ մի քիչ լավ, մի քիչ վատ»: Պարզվեց՝ ընդհանրության մեջ կրկնաբանությունները շատ են լինում, բայց միշտ լինում են իրենց խոսքով ու մտածելակերպով առանձնացող երիտասարդներ: Պարզվեց նաև, որ թեզերի թեմաներն առաջարկում են հանձնաժողովի անդամները, իսկ վերջնական ընտրությունը կատարում է հանձնաժողովը՝ քննարկելուց հետո: «Փորձում ենք ընտրել ընդգրկուն թեմաներ, որոնք համակողմանի կարող են ներկայացվել: Օրինակ՝ այսօր քննարկվում էր հայ ժողովրդի դերն ու առաքելությունը: Տնտեսագետները ներկայացնում էին համաշխարհային տնտեսության զարգացման մեջ ներդրում ունեցած հայերին: Հումանիտար մասնագիտությունների ուսանողները հարցը քննարկում էին իրենց տեսանկյունից»,- ասաց պարոն Մանուկյանը: Նա պատմեց նաև հոգևոր կրթական ծրագրերի մասին, որոնց հիմնասյուներն են գիտելիքը և առաքինությունը: Այդ ծրագրերը ղեկավարող սարկավագը հետաքրքիր բանաձև տվեց՝ եթե գիտելիքը դրոշմված չէ առաքինությամբ, հասարակության համար կարող է շատ վտանգավոր լինել: Իսկ առաքինությունը քրիստոնեական բարոյականության չափանիշներով է ուղղորդվում: «ՈՒնենալով հոգևոր կրթություն՝ փորձում եմ այդ առաքինության արժեքները փոխանցել երիտասարդներին՝ համատեղ կազմակերպում ենք տարբեր հոգևոր ծրագրեր»,- ասաց սարկավագը և իբրև օրինակ պատմեց «Առողջ միտք» ծրագրի մասին: Հոգևոր-մշակութային թեմաներով բանախոսությունների ժամանակ հրատապ հարցերը քննարկվել են միայն հոգևոր տեսակետից: Սարկավագը վկայեց, որ երիտասարդների մասնակցությունը և հետաքրքրությունը եռամսյա ծրագրի նկատմամբ իսկապես մեծ են եղել, և ծրագիրը, ապացուցելով իր արդյունավետությունը, կշարունակվի: Նույն շրջագծում հիմնադրամը նաև ուխտագնացություններ է կազմակերպում դեպի Հայաստանի եկեղեցական համալիրներ՝ տեղում ցույց տալու եկեղեցու դերն ու նշանակությունը հայապահպանության, հայի ինքնության հարատևման մեջ: Հոգևոր կրթությունը հանգամանալից քննարկվել է նաև բիզնես գործունեության մեջ՝ ճանաչելի դարձնելու հայ եկեղեցու աստվածաբանությունն ու վարդապետությունը, որը հիմնված է Հին և Նոր կտակարանների վրա: Այս ծրագրերում ընդգրկված խմբերում լինում են 20-30 երիտասարդներ, որ հավարտ դասընթացների ստանում են վկայականներ՝ իբրև խրախուսանք և հետագա աշխատանքներում օգտագործվող փաստաթուղթ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Երբ դուրս էի գալիս հիմնադրամից, աստիճանների վրա առիթ ունեցա զրուցելու մրցույթի մասնակիցներից մեկի հետ, ում թեզի ներկայացումը նաև լսել էի: Աննա Սահակյանը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից է, մրցույթին մասնակցում է կրթավճարի ակնկալիքով: Նրա թեզը երիտասարդության սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներն էին՝ մշակութային կտրվածքով: «Ազգային արժեքների պահպանումը, ազգային մեծությունների իմացությունը, ազգային երաժշտության և գործիքների ճանաչողությունը», պատասխանեց Աննա Սահակյանը, երբ հարցրի, թե ի՞նչն է կարևորում իբրև հիմնախնդիր: Իսկ լուծումները նա տեսնում է ազգային երաժշտության առավել մեծ գովազդի, ազգային գործիքների պատմության ներկայացման, Կոմիտասի, Արամ Խաչատրյանի անձի ու գործի իմացության, երիտասարդներին ազգային մշակույթը խորքով ներկայացնելու մեջ: «Արտերկրում շատ երիտասարդներ շատ ավելի լավ են տեղեկացված մեր ազգային-մշակութային գործիչների մասին, քան մենք, ինչը ցավալի է», մեր կարճ հարցազրույցն ավարտեց Աննան: Նրա պատկերացումները, իհարկե, ամբողջական չեն ու հազիվ թե արտահայտվեին մի քանի րոպե տևած զրույցում, բայց ապագա երգչուհու խոսքն անկեղծ էր ու մտահոգությունը ազնիվ: Ես չգիտեմ՝ նա կդառնա՞ այն 40-50 դիմորդներից մեկը, ում մրցութային հանձնաժողովը կվճռի աջակցել ուսման վճարի հարցում, ներկա չեմ եղել մրցութային ողջ օրվան ու չեմ կարող գնահատել նրա շանսերը: Պարզապես նրան ու բոլորին ուզում եմ հաջողություն մաղթել: Գործունեության մեկնարկին յուրաքանչյուրի համար աջակցությունն ու ըմբռնումը հատկապես կարևոր ու անհրաժեշտ են: Կարևոր ու անհրաժեշտ է «Բարեպաշտ սերնդի» 2007-ից սկսած գործունեությունը, որի արդյունքներն ուղղված են ոչ միայն կոնկրետ անձանց, այլև ողջ հասարակությանը:

Դիտվել է՝ 1202

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ